Եթե Ադրբեջանը որոշի Հայաստանի դեմ նոր հայցադիմումներ ներկայացնել Հաագայի դատարան, ապա դրանք քննության առարկա դարձնելու համար պարտադիր պայման է պատասխանող կողմի համաձայնությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղազարյանը` անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը։
Իսկ Բայրամովն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ադրբեջանը ևս 2 նոր հայց է պատրաստում ընդդեմ Հայաստանի։
«Եթե պատասխանող կողմը չի համաձայնում, դատարանը հայցը չի ընդունում։ Եթե իրենք լուրջ մտադրություն ունեն, պետք է առաջին հերթին կոնկրետ փաստաթուղթը նշեն, կոնվենցիան, որ մենք հասկանանք` ինչ մեխանիզմի մասին է խոսքը։ Հիմա սա վերացական հայտարարություն է»,- ասաց նա։
Իսկ դատարան դիմելու հիմքեր կա՞ն` Ղազարյանը դժվարանում է ասել. մի ամբողջ կառուցակարգի մասին է խոսքը, պետք է մանրամասն ուսումնասիրել, պարզել` նոր միայն խոսել այդ հիմքերի առկայության կամ դրանց բացակայության մասին։
Փաստաբանը չի բացառում, որ Հայաստանը ևս հակընդդեմ հայցով դիմի միջազգային ատյաններ, բայց այստեղ էլ պետք է լինեն փաստարկված իրավախախտումներ, որոնք կատարվել են Հայաստանի տարածքում։
«Օրինակ` սահմանազատման հարցով Հաագայի դատարանում շատ գործեր կան պետությունների միջև։ Չի բացառվում, որ Հայաստանն իր համաձայնությունը տա, օրինակ, Սև լճի վերաբերյալ։ Բայց հիմա դեռ չի նախանշվում որևէ իրավական գործընթաց»,- ասաց Ղազարյանը։
Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանն ամենակարճ ժամկետներում կդիմի միջազգային դատարան Հայաստանի կողմից երկու կոնվենցիաների խախտման փաստով՝ շրջակա միջավայրին և էկոլոգիային հասցրած վնասի և Ադրբեջանի էներգետիկ և բնական ռեսուրսների անօրինական յուրացման գործերով: