ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի էլեկտրոնային առևտրի խոշորագույն ցանցի՝ «Վայլդբերիզի» հանձնման կետեր կստեղծվեն ՀայՓոստի բաժանմունքներում: Այս մասին այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հուշագիր են ստորագրել ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և «Վայլդբերիզ» ՍՊԸ հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը, հայտնում են Հայփոստից:
Ըստ հուշագրի, կողմերը պետք է համագործակցեն էլեկտրոնային առևտրի և փոստային կապի ոլորտներում: ՀայՓոստի մասնակցությամբ Հայաստանում կիրականացվի ներդրումային մեծ ծրագիր, կստեղծվի համատեղ լոգիստիկ կենտրոն:
Նախատեսվում է նաև «Վայլդբերիզի» ցանցով վաճառվող ապրանքներն այլ երկրներ արտահանելու համար լոգիստիկ շղթայի համատեղ կառուցում, ինչը կնպաստի նաև հայկական արտադրանքի վաճառքին «Վայլդբերիզի» ցանցով:
Հիշեցնենք` դեկտեմբերի 27-ին Բակալաչուկը հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով ողջունել է ընկերության ծրագրերը։ «Վայլդբերիզի» հիմնադրին ընդունել էր նաև ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակայնաը։