ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից 12–ը զրկված են Հայաստանի սահմաններից դուրս գալու իրավունքից նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերով կիրառված սահմանափակումների պատճառով։ Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ինչու «Հայաստանը» չի մասնակցում միջազգային խորհրդարանական հարթակների աշխատանքներին։
«Սեյրան Օհանյանը չի կարողանում թռնել, մասնակցել ՀԱՊԿ–ի խորհրդարանական միջոցառումներին, քննիչը համաձայնություն չի տալիս, որ Օհանյանը գնա, մասնակցի։ Արմեն Գևորգյանը չի կարողանում մասնակցել ԵԽԽՎ–ի նիստին»,– ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել միջազգային հարթակների աշխատանքին միայն այն նպատակով, որ ՀՀ իշխանությունների ստիպի հանել այդ արգելքները «Հայաստանի» պատգամավորների համար։
«Այո՛, ընդունում եմ, որ լիարժեք կարող ենք օգտագործել այդ ամբիոնները մեր ազգային շահերը պաշտպանելու համար»,– ասաց Քոչարյանը` համոզմունք հայտնելով, որ «Հայաստան» խմբակցության անդամները իշխանական խմբակցության պատգամավորների համեմատ միջազգային ատյաններում շատ ավելի արդյունավետ աշխատելու հնարավորություններ ունեն։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7–ին ԱԺ «Հայաստան» դաշինքը հայտարարեց, որ կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին։