ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Քի Վեսթի պայմանագրով նախատեսվում էր Ղարաբաղը միացնել Հայաստանին միջանցքով, որն ունենալու էր Ղարաբաղի կարգավիճակին համարժեք կարգավիճակ։
Այսօր տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասինասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով ներկայում նախատեսվող Սյունիքի միջանցքի ու նախկինում առաջարկվող նմանօրինակ նախագծի տարբերությւնների մասին հարցին։
«Միջանցքի լայնությունը փաստաթղթերում գրված չէ, բայց անվտանգության տեսանկյունից այն ժամանակ ես այսպես էի ձևակերպել` «Գրադի» հեռահարությամբ` երկու կողմից` 21/21։ Հիմա համեմատեք այսօրվա վիճակի հետ` այսօրվա Ղարաբաղի կարգավիճակի ու անվտանգության անորոշության հետ։ Տարբերությունը դա էր»,– ասաց Քոչարյանը։
Ըստ նրա` Քի Վեսթի պայմանագրով նախատեսվում էր միայն հիշյալ ճանապարհի շինարարությունը, երկաթուղային հաղորդակցության վերաբացման մասին դրանում խոսք չկար։
Իսկ թե ինչու այդ ծրագիրը չիրագործվեց, Քոչարյանն այսպես պատասխանեց.
«Որովհետև Ադրբեջանի նախագահը վերջին պահին Քի Վեսթում հրաժարվեց ստորագրել, և ասաց որ չի կարողացել համոզել նույնիսկ իր ընտանիքի անդամներին։ Ասաց, որ գերագնահատել է նույնիսկ իր հնարավորությունը` հասարակական կարծիքի վրա ազդելու»,– ասաց Քոչարյանը։