ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Ճանաչված դիմահարդար Գոհար Ավետիսյանն այցելել է Դաունի համախտանիշ ունեցող երեխայի ընտանիքին ու մի շարք անակնկալներ մատուցել նրանց։
Դիմահարդարն իր այցի տեսագրությունը հրապարակել է Instagram-ում։ Կադրերում երևում է, թե ինչպես է երեխան ուրախանում Գոհարի նվերներից։ Նրանք միասին խաղում են ու պարում։ Այցի ընթացքում Գոհարը կերպարանափոխում է նաև երեխայի գեղեցկուհի մայրիկին։
Գոհարի էջի հետևորդներն անչափ հուզվել են տեսանյութից ու բազմաթիվ դրական մեկնաբանություններ գրել։
««Երդվում եմ, հուզմունքից լաց եմ լինում»,«Գոհար, դու հրաշք մարդ ես, ուղղակի լույսի շող», «Հպարտանում եմ քեզնով, հրաշք աղջիկ, իսկ փոքրիկն իսկական լույս է»»,–գրել են նրանք։
Հիշեցնենք` Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջնակն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Գոհարը հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Նա դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։
16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։
Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։