ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Ղարաբաղի մասին ասվել էր մի բան, որին չարձագանքել ուղղակի հնարավոր չէ։ Այսօր տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ–Արցախի նախագահ հեռակա բանավեճին։
«Ըստ էության` հարցականի տակ է դրվել Ղարաբաղի հռչակագիրը։ Ի դեպ, ես այդ հռչակագրի հեղինակներից եմ, երկու հոգով ենք գրել` ես և Կարեն Բաբուրյանը, որն այդ օրերին խորհրդարանի նախագահն էր։ Ուղղակի հարցականի տակ է դրվել այն հիմքը, ինչի վրա ԼՂՀ–ն ձևավորվել էր»,–ասաց Քոչարյանը։
Նա նաև նշեց, որ այսօր հնարավոր է` Արցախի խորհրդարանը հանդես գա հայտարարութւյամբ, որով փորձ կարվի կանխել հետագա հնարավոր այլ հայտարարությունները։
Հիշեցնենք` դեկտեմբերի 24–ին ֆեյսբուքյան առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ բանակցային ողջ գործընթացի ընթացքում երբեք, ոչ մի անգամ, ոչ մի իշխանության և ոչ մի բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը:
Նա հավելել էր, որ այն բանակցային բովանդակության մեջ, որում խոսվում էր ԼՂ-ի վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսքը վերաբերում էր ԼՂ ողջ բնակչությանը, դա նշանակում է ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական բնակչություն:
Դրան ի պատասխան ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook–ի էջում գրել էր, թե արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: