ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական գերությունից վերադարձած և այժմ մեղադրյալի կարգավիճակ ունեցող մայոր Ն. Ե–ն կալանավորվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց փաստաբան Կարմեն Պողոսյանը։
«Վերաքննիչ քրեական դատարանը Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ բավարարեց դատախազության բողոքը, ինչի հիման վրա պաշտպանյալս կալանավորվեց։ Մենք պատրաստվում ենք պայքարել, որպեսզի նա ազատության մեջ հայտնվի»,– նշեց Պողոսյանը։
Պաշտպանը պատրաստվում է Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնել, ինչպես նաև խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդություն ներկայացնել Ընդհանուր իրավասության դատարան։
Նշենք, որ մինչ այս Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ն. Ե–ին կալանավորելու քննիչի միջնորդությունը` համարելով, որ այլ խափանման միջոցի դեպքում ևս կարող է պատշաճ վարքագիծ դրսևորվել։ Դատախազությունը բողոքարկել էր այդ որոշումը։
Հիշեցնենք, որ Ն.Ե–ն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագայում)։
Հավելենք` դեկտեմբերի 4-ին Հայաստան էին վերադարձել նոյեմբերի 16-ին գերեվարված ևս 10 զինծառայող։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեկտեմբերի 10-ին նրանցից 5-ին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել։
Նշենք, որ նոյեմբերի 17-ին` ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել էր, որ պետք է քննվի, թե ինչ հանգամանքներում են զինվորները գերի ընկել։ Նա ընդգծել էր նաև, որ հնարավոր չէ այնպիսի բան, որ ՀՀ սահմանների վերաբերյալ տրվի չկրակելու, սահմանը չպաշտպանելու հրաման։