Արցախի ճակատագիրը որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու. Արցախի ԱԺ

Արցախի ԱԺ–ն հայտարարություն է տարածել` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Մասնավորապես, Արցախի ԱԺ–ն իր վրդովմունքն է հայտնել Փաշինյանի ձևակերպումների առնչությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Անընդունելի է առանց Արցախի իշխանությունների տեսակետը հաշվի առնելու դիրքորոշում հայտնելը, քանի որ Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն Արցախի քաղաքացիների կողմից ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունները։ Նման հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ–ն` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, տեղեկանում ենք Արցախի ԱԺ–ի պաշտոնական էջից։
Հայտնել էինք, որ հանրության կողմից խիստ քննադատվեց վարչապետի հայտարարություններից մեկը, ըստ որի՝ բանակցային բովանդակության մեջ, որում խոսվում էր ԼՂ-ի վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսքը ԼՂ ողջ բնակչության մասին էր, ինչը նշանակում է ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական բնակչություն:

«Անթույլատրելի ենք համարում տարբեր քաղաքական ուժերի և գործիչների կողմից Արցախի սուբյեկտայնությունը, նրա հայկական ապագան կասկածի տակ դնող կամ նվազեցնող ցանկացած հայտարարություն։ Տարակուսելի է, որ վերջին նման հայտարարությունը հնչել է ՀՀ վարչապետի կողմից։ Արցախի ճակատագիրը որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու»,–ասվում է ԱԺ հայտարարության մեջ։

Արտահայտելով Արցախի հանրային և քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը՝ Արցախի ԱԺ–ն իր վրդովմունքն է հայտնում հարցազրույցի ընթացքում հնչած «մի շարք վնասակար և վտանգավոր ձևակերպումների ու գաղափարների» առթիվ։
Նշվում է, որ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ 1988 թ. ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման արդյունքների ֆոնին հնչեցվում են ձևակերպումներ, որոնք կասկածի տակ են դնում 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակված և միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան ձևավորված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության գոյությունը, նրա տևական պայքարը միջազգային ճանաչման հասնելու ուղղությամբ։
Ղարաբաղի մասին ասվել է մի բան, որին չարձագանքել ուղղակի հնարավոր չէ. Քոչարյան
Արցախի ԱԺ–ն շեշտում է` նախորդ տարիների բանակցային գործընթացում հայկական կողմերի իրավական և քաղաքական հիմքերը (և մեր ազգային շահերի պաշտպանությունն այդ համատեքստում) որևէ հակասության մեջ չէր մտնում միջազգային կառույցների, միջնորդների ներկայացրած դիրքորոշումների հետ։
Այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը երբեք չի անտեսվել միջնորդների կողմից նախկինում ներկայացված առաջարկություններում, ըստ հայտարարության, հաստատվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տրված պարզաբանումներում։

«Բանակցային գործընթացում տարբեր տարիների քննարկված աշխատանքային տարբերակների և բանակցային ձևաչափի հնարավոր փոփոխման մասին շահարկումները մտահոգիչ և վտանգավոր են։ Անընդունելի ենք համարում Արցախի հայկականությունը կասկածի տակ դնող և հնարավոր օտար տարրերի ներկայության կարևորությունը ընդգծող հայտարարությունները, որոնք մերժելի ու պարսավելի են Արցախի անկախության համար իրենց կյանքը զոհաբերածների հիշատակի դիմաց»,–հավելում է Արցախի ԱԺ–ն։

Անդրադառնալով ՀՀ-Արցախ հարաբերություններին` Արցախի ԱԺ–ն նշում է, որ հայկական երկու հանրապետությունների եղբայրական փոխհարաբերությունների հիմքում տարիներ շարունակ անխափան գործել է 1992-ի հուլիսի 8-ին ՀՀ Գերագույն խորհրդի ընդունած որոշումը։
Էդվարդ Նալբանդյան․ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի
Այն հստակ սահմանել է միջազգային հանրության լիիրավ անդամ ՀՀ –ի վերաբերմունքը միջազգային ճանաչման ձգտող Արցախի Հանրապետության նկատմամբ: ՀՀ Գերագույն խորհրդի ընդունած որոշման մեջ սահմանվում է «ՀՀ համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:
Արցախի ԱԺ–ն շեշտում է` այս բանաձևն արդիական է նաև այսօր: