ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Լոռու մարզի 30-ամյա բնակիչը խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն է կատարել տարբեր քաղաքացիներից: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Փաստական տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը 2020թ. սեպտեմբերից մինչև 2021թ. հունվարն ընկած ժամանակահատվածում սոցիալական օգնություն տրամադրելու, բուքմեյքերական առցանց խաղերով շահած գումարը ստանալու և այլ պատրվակներով, Սպիտակ քաղաքում ձեռք է բերել տարբեր քաղաքացիների դեմքի և անձնագրի լուսանկարները։ Նա դրանք առցանց եղանակով ուղարկել է բանկ և նրանց անվամբ լրացնելով վարկ ստանալու առցանց դիմում՝ կնքել է կեղծ պայմանագրեր:
Տղամարդը ձևակերպել է անգրավ վարկեր, որոնք «Իդրամ» վճարահաշվարկային համակարգի միջոցով փոխանցել է իր անվամբ առկա հաշվեհամարին:
Բացի այդ, 2020թ. հոկտեմբերից մինչև 2021թ. հունվարն ընկած ժամանակահատվածում նույն տղամարդը Սպիտակում նույն պատրվակներով ձեռք է բերել տարբեր քաղաքացիների «Իդրամ» վճարահաշվարկային համակարգի գաղտնաբառերը: Այնուհետև, վարկային կազմակերպությունից խաբեությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ նույն եղանակով վարկեր է ձևակերպել ու կրկին փոխանցել իր անվամբ առկա հաշվեհամարին։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սպիտակ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 325-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 178-րդ հոդվածի 1-ին մասով (Խարդախությունը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: