ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտադիր է հունվարի 12-ին Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի խորհրդակցություն հրավիրել։ Դաշինքը Մոսկվայի հետ կապի մեջ է այդ հանդիպման կազմակերպման համար: ՌԻԱ Նովոստիին տեղեկությունը հայտնել են դաշինքի մամուլի ծառայությունից։
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ որպես Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նախագահ, որոշում է կայացրել խորհրդի նիստ հրավիրել 2022 թվականի հունվարի 12-ին։ Մենք կապի մեջ ենք Մոսկվայի հետ այդ հանդիպման կապակցությամբ», - հայտնել է գործակալության զրուցակիցը։
Նա հիշեցրել է ՆԱՏՕ-ի դիրքորոշումը, ըստ որի՝ «Ռուսաստանի հետ ցանկացած երկխոսություն պետք է ընթանա փոխադարձության սկզբունքով, հաշվի առնվի ՆԱՏՕ-ի մտահոգությունը Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ, հիմնված լինի եվրոպական անվտանգության առանցքային սկզբունքների և հիմնարար փաստաթղթերի վրա, ընթանա ՆԱՏՕ-ի եվրոպական գործընկերների հետ համակարգմամբ»:
Նշենք, որ դեկտեմբերի կեսերին Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակեց ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի պետությունների հետ համաձայնագրի նախագծերը, որոնցում մասնավորապես ներառված են Եվրոպայում անվտանգության փոխադարձ երաշխիքների, միմյանց հասանելիության գոտում միջին և փոքր հեռահարության հրթիռների չտարածման և դաշինքի հետագա ընդլայնումից հրաժարվելու մասին դրույթները, այդ թվում ՝ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների հաշվին:
Ինչպես այն ժամանակ հայտարարել էր ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, եթե Արևմուտքը չարձագանքի այդ պահանջներին, կարող է առճակատման նոր փուլ սկսվել։
Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհուրդը ստեղծվել է 2002 թվականին՝ որպես փոխգործակցության զարգացման և համակարգման հարթակ։ Մարմինը նպաստել է կարևոր ուղղություններով Մոսկվայի և դաշինքի երկրների միջև համագործակցությանը, մասնավորապես՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարին։ 2008-ից հետո խորհրդի աշխատանքները արգելակվեցին։