2021 թվականի նախավերջին շաբաթը սկսվեց հաղթական տրամադրությամբ։ «Մանկական Եվրատեսիլի» երկրպագուներին ու չերկրպագուներին միավորեց մրցույթում «Քամին» ու Հայաստանի պատվիրակ Մալենայի հաղթանակը։
Հաղթանակն անորոշ է Փարաքարում։ ՏԻՄ ընտրություններից հետո հաղթանակի մասին միանգամից համայնքապետի 2 թեկնածուներ հայտարարեցին, ավելին՝ երկուսն էլ նույն օրը որոշեցին երդմնակալության արարողություն անցկացնել։ Փարաքարցիներն էլ բողոքի ցույց արեցին, բերման ենթարկվեցին, Արմավիրի մարզպետն էլ հանդարտության կոչեր արեց, մինչև իրավական գործընթացների ավարտը։
Անցնող շաբաթվա վերջին աշխատանքային օրն էլ վարչապետը «փոթորկեց» իր առցանց ասուլիսով։ Նրա հնչեցրած մի շարք հայտարարություններ քննադատական արձագանք ստացան, դրանց անդրադարձան Արցախի նախագահը, Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը և այլք։ Հաջորդ օրը երկրորդ փոթորիկը բարձրացավ․ պարզվեց՝ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչները՝ քննարկելու ոչ քաղաքական հարցեր, ատելության մակարդակն իջեցնելու և երկխոսություն սկսելու հիմքեր գտնելու համար։
Անցնող շաբաթվա այլ հետաքրքիր իրադարձություններ ու դրվագներ ևս չեն վրիպել Sputnik Արմենիայի լուսանկարիչների աչքից։