«Կեղծ և սուտ են». «Գազպրոմը»` դեպի Եվրոպա գազի անբավարար մատակարարումների մեղադրանքի մասին

«Գազպրոմ»
«Գազպրոմը» դեպի Եվրոպա գազի անբավարար մատակարարումների վերաբերյալ մեղադրանքներն անհիմն է անվանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. «Գազպրոմը» չի ընդունում դեպի Եվրոպա գազի ոչ բավարար մատակարարումների վերաբերյալ մեղադրանքները, հայտարարել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։
«Եվրոպական շուկա քիչ գազ մատակարարելու վերաբերյալ Ռուսաստանի և «Գազպրոմի» հասցեին հնչող բոլոր մեղադրանքները բացարձակապես անհիմն են, անընդունելի և իրականությանը չհամապատասխանող։ Պարզ ասած` կեղծ ու սուտ են», – «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտնել է ընկերության մամուլի քարտուղարը։
Նա ընդգծել է, որ սպառողները, օրինակ, Ֆրանսիայից և Գերմանիայից, արդեն ամբողջությամբ ընտրել են պայմանագրերով նախատեսված տարեկան ծավալները։ Իսկ ընկերությունը տրանսպորտային հզորություններն ամրագրում առկա հայտերի հիման վրա, և ոչ հակառակը։
Ուկրաինան մտադիր է կտրուկ կրճատել գազի սպառումը
Կուպրիյանովը հավելել է, որ ընկերությունը դեռ դեկտեմբերի 15-ին էր կատարել Ուկրաինայով տարանցման պարտավորությունները։
Վերջին տվյալների համաձայն` «Գազպրոմը» 11.5 ամսվա ընթացքում ավելացրել էր արտահանումը դեպի հեռավոր արտասահմանի երկրներ մինչև 178,1 մլրդ խմ, ինչը 4,8 տոկոսով (8,2 մլրդ խմ) ավելի է 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Ռուսաստանը 2020 թվականից ավելի շատ գազ է մատակարարել մասնավորապես Գերմանիա, Թուրքիա, Իտալիա, Բուլղարիա, Ռումինիա, Սերբիա, Հունաստան, Սլովենիա, Շվեյցարիա, Հյուսիսային Մակեդոնիա, Բոսնիա և Հերցեգովինա, Լեհաստան, Դանիա և Ֆինլանդիա։

««Գազպրոմը» ինչպես նախկինում, այնպես էլ այսօր պատրաստ է գազի լրացուցիչ ծավալներ մատակարարել գործող երկարաժամկետ պայմանագրերի շրջանակում, և այդ մատակարարումների արժեքն էապես ցածր է, քան սփոթում», – հավելել է ընկերության ներկայացուցիչը։

Բացի այդ «Գազպրոմում» եկել են այն եզրակացության, որ վերջին օրերին Գերմանիայից Լեհաստան և այնտեղից էլ Ուկրաինա ռևերսային մատակարարումներ են լինում օրական 3-5 մլն խմ ծավալով։
«Ընդ որում գազը ստացվում է Գերմանիայի տարածքի ստորգետնյա պահեստարաններից, որտեղից արդեն իսկ վերցվել է գազի 47 տոկոսը, իսկ ձմեռը դեռ նոր է սկսվել։ Սա ռացիոնալ որոշում չէ», – նշել է Կուպրիյանովը։
«Գազպրոմի» ներկայացուցիչը նշել է, որ նման մատակարարումների արժեքն էապես գերազանցում է Ռուսաստանի կողմից մատակարարվող պայմանագրային ծավալների արժեքը։
Հայաստանը թանկ կվճարի էժան գազի համար. ռուսական կողմի հետ բանակցություններն ավարտվել են
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել էր գազի գնի ռեկորդային աճն ու մեղադրանքները, թե Մոսկվան մանիպուլյացիայի է ենթարկում շուկան` չամրագրելով «Յամալ–Եվրոպա» գազատարի հզորությունները։ Նախագահն ընդգծել էր, որ «Գազպրոմը» գործող երկարաժամկետ պայմանագրերով իրականացնում է գազի ողջ ծավալների մատակարարումը, իսկ Գերմանիայի և Ֆրանսիայի պայմանադիր կողմերը գնման հայտեր չեն ներկայացրել։
Պետխորհրդի և Գիտության ու կրթության խորհրդի նիստին Պուտինը նշել էր նաև, որ եվրոպական երկրներն անձամբ են նպաստել հումքի արժեքի բարձրացմանը` գործարկելով ռուսական գազը ռևերսով։
2015 թվականից Ուկրաինան անմիջականորեն Ռուսաստանից գազ չի գնում, այլ դա անում է Եվրոպայով։ 2020 թվականի սեպտեմբերի սկզբից Կիևն ամբողջությամբ անցել է վիրտուալ ռևերսի միջոցով ռուսական կապույտ վառելիքի գնման. տարանցիկ ծավալների շուրջ 50 տոկոսն այժմ անմիջապես մնում է Ուկրաինայի տարածքում։ Մինչև 2020 թվականը նման բան հնարավոր չէր «Գազպրոմի» պայմանագրով։