ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik․ Այն, ինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 37 րոպե շարունակ եթերում ներկայացնում էր մեր հանրությանը, կրկնությունն է Ադրբեջանի այն հիմնավորումների, որոնցով փորձում է պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները։ Facebook-ի իր էջում Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է վարչապետի՝ դեկտեմբերի 24-ի ասուլիսին։ Քաղաքական գործիչը փորձում է մտաբերել գոնե մեկ ադրբեջանցու, որը համարձակություն է ունեցել վերջին 30 տարիների ընթացքում հանրության առջև նման ելույթ ունենալու։
«Հայկական իրականության մեջ կա՞ գոնե մեկը, որ կարող է հիշեցնել 1988 թվականից հետո որևէ մեկ ադրբեջանցու (էլ չեմ ասում այդ երկրի իշխանավորի), որ այդքան համարձակություն կունենար իր ազգային լսարանի առջև խոսել հայերի (էլ չեմ ասում իր օրինական իրավունքների համար պայքարող Արցախի ժողովրդի) իրավունքների մասին»,- գրում է Ղուլյանն ու նշում, որ Փաշինյանը դա անում էր «37 թվի ոճով»։
Նրա կարծիքով՝ նույնիսկ հարցազրույցը վարող լրագրողն էր ապշած, թե ինչ է Փաշինյանը պատասխանում Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի մասին իր տված հարցերին: Ղուլյանն անդրադարձել է նաև ասուլիսի ընթացքում Փաշինյանի հնչեցրած մի քանի այլ հայտարարություններին։ Մասնավորապես, ըստ ՀՀ վարչապետի՝ երբ ինքը Արկադի Տեր-Թադևոսյանին հարցրել է՝ ի՞նչ է նա մտածում Ապրիլյան պատերազմի մասին, Թադևոսյանն ասել է՝ «պատերազմից առաջ հետախուզություն էր»։ Փաշինյանի խոսքով՝ Ապրիլյան պատերազմն ի սկզբանե 4 օրով էր պլանավորած, ավելի լայնածավալ հարձակումից առաջ ստուգում էին, սրբագրումներ անում։
«Եթե որևէ մեկը կարող է բացահայտել 2016թ. ապրիլյան քառօրյայի «մարտով հետախուզության» իմաստը, դրանից չորս տարի հետո «իսկական մարտ» սկսելու ռազմարվեստի և «բանակցային աղետից» հետո Ադրբեջանի ակտիվ զինվելով պատերազմի նախապատրաստվելու տրամաբանությունը՝ պատրաստ եմ ընդունել «նոր ու հանճարեղ» քաղաքագիտական տերմինալոգիային չտիրապետելս: Բայց այս պահին միայն մի եզրակացություն է թակում մեր դուռը. «Տխուր է մեր վիճակը, պարոնա՛յք»»,- գրել է Ղուլյանը։
Արցախի ԱԺ նախկին նախագահն ընդգծում է, որ Երևանում վիճակն աղետալի է, իսկ «սեփական անճարակությունը հռետորական աճպարարությամբ քողարկելը որևէ լավ բանի չի հանգեցնելու»:
Նշենք, որ դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը: ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված ասուլիսի շրջանակում վարչապետը պատասխանել է մի քանի տասնյակ հարցերի: Ասուլիսը տևել է 2 ժամ 26 րոպե։
Ասուլիսի ընթացքում վարչապետը պատասխանել է այն հարցին, թե արդյոք ՀՀ-ն քայլեր ձեռնարկում է ԼՂ ինքնավոր մարզի տարածքային ամբողջականության հարցը բանակցությունների մաս դարձնելու վերաբերյալ, և եթե բանակցությունները երբևէ մեկնարկեն, ՀՀ-ն բարձրացնելու է արդյոք Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի հարցը։ Փաշինյանը նշել է, որ բանակցային ողջ գործընթացի ընթացքում երբեք, ոչ մի անգամ ոչ մի իշխանության և ոչ մի բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը:
«Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ և միայն հայկական միավորում, բանակցային սկզբունքներում արձանագրված է, որ ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ, և նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ»,- ասել է Փաշինյանը։ Նրա հավելել է, որ այն բանակցային բովանդակության մեջ, որում խոսվում էր ԼՂ-ի վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսքը վերաբերում էր ԼՂ ողջ բնակչության մասին, դա նշանակում է՝ ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական բնակչություն: