ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik․ Հայաստանի և Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչների հանդիպումը հումանիտար ուղղվածություն ուներ, «քաղաքական, կուսակցական կամ այդ տեսակի զրույցներ չկային»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է հանդիպմանը մասնակցած Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։ Նրա խոսքով՝ տեղյակ չէ, թե ինչպես են ընտրվել հանդիպման մասնակիցները, նախաձեռնության այլ մանրամասներին ևս տեղյակ չէ։
Նշում է, որ հանդիպման ընթացքում իրենք Հայաստանի իշխանություններին չեն ներկայացրել։
«Ադրբեջանից նույնպես 4 հոգի էին մասնակցում հանդիպմանը՝ 3 տղամարդ և մեկ կին։ Դա, կարծում եմ, նույնպես արարողակարգի հարց էր, որ իրենց կողմից էլ 1 կին ներկա լիներ։ 3-ը ռեկտորներ էին՝ իրենց ճարտարագիտական համալսարանի ռեկտորն էր, կոնսերվատորիայի, գրականագետ և կինոգետ»,- հանդիպման մասին որոշ մանրամասներ հայտնեց Մխիթարյանը։
«Հանդիպման ժամանակ մենք բազմիցս նշեցինք, որ որևէ երկխոսություն կարող է սկսվել այն բանից հետո, երբ մեր տղաները վերադառնան։ Իրենք ասում էին` այո, ձեր տղաներն անպայման կվերադառնան։ Ասում էին, որ հարցեր ունեն ականապատ տարածքների վերաբերյալ։ Իսկ ես ասացի, որ մեր հարաբերություններում այնքան ականապատ տարածքներ կան, որ նախ այդ հարցերն է պետք լուծել»,- ընդգծեց Մխիթարյանը։
Նա վստահեցրեց, որ իրենց դիրքորոշումը, որ մեր ռազմագերիները պետք է ժամ առաջ վերադառնան, ընդունվեց։
Հանդիպումը տևել է մոտ 2 ու կես ժամ։ Մարիաննա Մխիթարյանի խոսքով՝ այնքան հուզված է եղել, որ ստույգ տևողությունը չի արձանագրել։
Սա 44-օրյա պատերազմից հետո առաջին նման հանդիպումն էր։ Արդյոք առաջիկայում նոր հանդիպումներ կլինեն, թե ոչ՝ Մխիթարյանը չգիտի, սակայն ևս մեկ անգամ շեշտում է իրենց դիրքորոշումը՝ նոր հանդիպումներ կարող են լինել գերիների վերադարձից հետո։ Անդրադառնալով քննադատություններին, որոնք հնչում են հանդիպմանը մասնակցած հայ գործիչների վերաբերյալ, Մարիաննա Մխիթարյանը նշեց՝ գիտակցում է, որ իրենք կարող են թիրախ դառնալ, բայց տղաներին վերադարձնելու ցանկացած փորձ ավելի կարևոր է։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպվել է ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը և Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը։