ՌԱԴԻՈ

Վարչապետի մոտ տեղի են ունենում բավականին սուր բանավեճեր. Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի համագործակցությանը։
Sputnik
Վարչապետի հետ հանդիպումներին արտախորհրդարանական քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց հուզող օրակարգային հարցերը, որոնք ժամանակի հետ ավելի ընդգրկուն կլինեն։ Այդ հարցերը ռազմավարական բնույթ ունեն, շոշափում են ՀՀ–ի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

«Այս ձևաչափը համարում ենք ընդամենը հարթակ, որտեղ ընտրությունների արդյունքներով խորհրդարան չանցած քաղաքական ուժերը կարող են բարձրաձայնել խնդիրներն ու դրանք ներկայացնել գործադիր իշխանության ղեկավարին։ Հարթակը համարում ենք այլընտրանքային խորհրդարան, որտեղ տեղի են ունենում մրցակից քաղաքական ուժերի բանավեճեր, քննարկվում են տարաբնույթ հարցեր։ Եթե ընթացքում տեսնենք, որ այդ հարթակը չի ծառայում իր նպատակին, այդ մասին կբարձրաձայնենք»,– ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահը։

Նորիկյանի խոսքով` անկախ օրվա քաղաքական իշխանությունից` խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում արտախորհրդարանական քաղաքական ուժերի և իշխանության ու խորհրդարանական ընդդիմության միջև ինստիտուցիոնալ մեխանիզմների ձևավորման անհրաժեշտություն կա, ուստի անհրաժեշտ է ընդգրկել նաև այլ քաղաքական ուժերի, որոնք ասելիք, ազդեցություն ու ծրագիր ունեն։
Ունենք մի շատ կոնկրետ որոշում. Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի ղեկավարներին
«Կոնֆիդենցիալության հանգամանքն այս ձևաչափով հանդիպումների առթիվ տարընթերցումների տեղիք է տալիս, բայց ես վստահեցնում եմ, որ տեղի են ունենում շատ սուր բանավեճեր, ներկայացվում են բավականին լուրջ հարցադրումներ, որոնց վերաբերյալ պատասխանները որոշակի տրամադրություն են ստեղծում բոլորիս մոտ»,– ասաց Նորիկյանը։
Նրա կարծիքով` կան հարցեր, որոնց քննարկումը հարթ չի ընթանում, որովհետև դրանց վերաբերյալ կան տարբեր պատկերացումներ ու ընկալումներ և պարտադիր էլ չէ, որ բոլոր հարցերում, ըստ նրա, քաղաքական ուժերի միջև լինեն ընդհանրություններ։
Նշենք, որ դեկտեմբերի 25–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստի ժամանակ անդրադարձել է բրյուսելյան բանակցությունների արդյունքներին։
Դեկտեմբերի 4-ին նույնպես նման մի նիստ էր կայացել, որի ժամանակ էլ մասնակիցները քննարկել էին Հայաստանի առջև ծառացած օրակարգի հարցերը։