ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստի ժամանակ անդրադարձել է բրյուսելյան բանակցությունների արդյունքներին։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմը` հավելելով, որ նիստը կայացել է այսօր։
«Մեր նախորդ նիստում պայմանավորվեցինք, որ Բրյուսել այցից հետո հանդիպում կունենանք: Ինչպես միշտ` վերջին տեղեկատվությունը կուզեմ ձեզ հետ կիսել: Նաև կուզենայի իմ պատմածից ձեր տպավորություններն ու վերլուծությունները լսել»,–ասել է Փաշինյանը։
Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին նույնպես նման մի նիստ էր կայացել, որի ժամանակ էլ մասնակիցները քննարկել էին ՀՀ առաջ ծառացած օրակարգի հարցերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 14-ին հանդիպել են Բրյուսելում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
Հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն վերահաստատել են երկաթգծի աշխատանքի վերականգնման պայմանավորվածությունը։