Ջասթին Թրյուդոն դարձավ 50 տարեկան. Հայաստանի նախագահի ուղերձը` ուղղված Կանադայի վարչապետին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո
Արմեն Սարգսյանը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է Կանադայի հետ գործընկերային հարաբերությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը կարևորում է Կանադայի հետ գործընկերային հարաբերությունները, որոնք մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու անկեղծ ցանկությամբ: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական իր ուղերձում այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից:

«Ջերմությամբ եմ հիշում ՄԱԿ-ի 26-րդ գագաթնաժողովի շրջանակում կայացած մեր բովանդակալից զրույցը։ Այն հնարավորություն ընձեռեց մտքեր փոխանակելու երկկողմ համագործակցության ընդլայնման և ամրապնդման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ»,–ասված է նախագահի ուղերձում։

Սարգսյանը լիահույս է, որ Թրյուդոյի հետ Գլազգոյում տեղի ունեցած հանդիպումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերություններին և համատեղ ջանքերով կնպաստեն Հայաստանի և Կանադայի միջև առկա օրակարգի ընդլայնմանը։
«Մեր երկրներին կապում է սերտ բարեկամությունը». Սարգսյանը շնորհավորել է Ռայիսիի ծննդյան օրը
Հավելենք, որ Թրյուդոն այսօր տոնում է ծննդյան 50-ամյակը։