ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` Big Christmas Market-ի շրջանակում, այսօր կայացավ Demirkhanyan Model's school-ի սաների դեֆիլեի վարպետաց դասը: Ճանաչված մոդել Աննա Դեմիրխանյանը գեղեցիկ զարդարված տաղավարում ցանկացողների համար անցկացնում էր դեֆիլեի վարպետաց դասեր։ Նրան էին միացել նաև դպրոցի սաները։
Big Christmas Market-ի շրջանակներում անցկացվող Demirkhanyan Models school-ի սաների դեֆիլե վարպետության դաս (25 դեկտեմբերի, 2021թ)․ Երևան
© Sputnik / Aram Nersesyan
«Մոտ երկու շաբաթ առաջ որոշեցինք մասնակցել այս նախաձեռնությանը ու ներկայացնել մեր դպրոցն ու սաներին։ Այստեղ շատ հակիրճ ներկայացրել ենք, թե ինչ է ուսուցանվում դպրոցում, ինչ կարող են սովորել աղջիկներն ու կանայք։ Շատ ենք լսում, որ տղամարդիկ բողոքում են, թե հարմար աղջիկ չկա ամուսնանալու համար։ Դա էլ գալիս է նրանից, որ կանայք առօրյա վազքի մեջ նմանվում են տղամարդկանց ու մոռանում կանացիության մասին։ Մենք սովորեցնում ենք վերագտնել կանացիությունը»,–ասում է Դեմիրխանյանը։
Դպրոցն արդեն 3 տարի է, ինչ գործում է։ Այնտեղ ուսուցանվում է էթիկետ, դեֆիլե, արտ–թերապիա, ոճաբանություն, դիմահարդարում, լուսանկարչություն, պար, դերասանական վարպետություն և բեմական խոսք, SMM:
«Օրինակ` էթիկայի կանոնները բոլորիս համար պարզ են թվում, բայց հաճախ մոռանում ենք դրանք կիրառել մարդկանց հետ շփվելիս կամ սեղանի շուրջ։ Մեզ մոտ հղկվում են ոչ միայն խոսքն ու շարժուձևը, այլ ձևավորվում է դիմահարդարվելու և ճիշտ հագուստ ընտրելու ճաշակը։ Շատերը սխալ ընտրված հագուստով իրենց գեղեցկությունը քողարկում են և ընդգծում թերությունները»,–ասում է Դեմիրխանյանը։
Նրա խոսքով` քչերը գիտեն, որ, օրինակ, հագուստի գույնը դիմացինի վրա ազդեցություն ունի։ Այն կարող է դիմացինի մոտ սեր կամ ագրեսիա առաջացնել։ Դրանք մանրուքներ են, որոնց իմացությունը յուրաքանչյուր կնոջ ավելի ինքնավստահ, գրավիչ և ուժեղ են դարձնում։
Դպրոցն ավարտելուց հետո աղջիկները կարող են մոդելային կարիերա սկսել։ Մոդելային աշխարհում այսօր չկան հստակ ստանդարտներ, այժմ շեշտը դրվում է կերպարի վրա և էական չէ` մարդը բարձրահասակ է, թե կարճահասակ, նիհար է, թե գեր, կոպիտ, թե նուրբ դիմագծեր ունի, կարևոր է, թե մարդն ինչպես է իրեն մատուցում։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 26-ը: