ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարման խորհրդարանական համակարգը պետք է չփոխվի։ Այսօր առցանց ասուլիսում նման կարծիք հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով սահմանադրական փոփոխությունների մասին հարցին։
«Չնայած բոլորը չէ, որ այդպես են կարծում։ Հանրապետության նախագահը, օրինակ, նախկինում էլ արտահայտվել է, երկու օր առաջ էլ խոսում էինք, ասաց, որ ինքն այն տեսակետին է, որ պետք է փոխվի։ Բայց ես մնում եմ այն տեսակետին, որ պետք է չփոխվի»,– ասաց Փաշինյանը` միաժամանակ հայտաարելով, որ գործընթացը չպիտի հիմնված լինի միայն իր կարծիքի վրա։
Այդուհանդերձ, այն, որ ՀՀ գործող Սահմանադրությունը փոփոխությունների կարիք ունի, ըստ Փաշինյանի, վկայեցին նաև վերջին իրադարձությունները։ ՀՀ վարչապետը հիշեցրեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հայտարարությանը հաջորդած իրավիճակը։
«Երկրում, ըստ էության ռազմական հեղաշրջման իրավիճակ էր` ռազմական դրության պայմաններում, ու երկրի ղեկավարը չէր կարողանում արագ կադրային փոփոխություն անել։ Իհարկե, ՍԴ–ն իր որոշումներով ամեն ինչ դրեց իր տեղը, բայց գուցե Սահմանադրության մեջ այսպիսի խնդիրներ կան, որ մենք պետք է զուտ կանոնակարգային առումով լուծենք»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ բարեփոխված Սահմանադրությունը որևէ մեկի հագով կոստյում չի լինելու։
«Ոչ մի կոշիկ, կոստյում, գլխարկ կարելու մտադրություն չկա։ Եթե նման մտադրութուն լիներ, 2021–ի գործընթացը չէր լինի»,– ասաց Փաշինյանն` ակնարկելով 2021թ–ի հունիսին անցկացված ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրությունները։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը դեռևս ընդդիմադիր գործչի կարգավիճակում հայտարարել էր, որ նոր Սահմանադրությունը (2015 թ. - խմբ.) «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում» է: Իշխանափոխությունից հետո Փաշինյանի այս հայտարարությունը պարբերաբար շահարկվում է, մասնավորապես` Փաշինյանին հիշեցնում են, որ հիմա ինքը «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումն» է հագնում։
Իսկ 2021թ–ի մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե, որով Հայաստանը կանցնի կիսանախագահական կառավարման համակարգի։
Հավելենք, որ նոյեմբերի 5-ին Սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման և սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման ուղղություններն արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը քննարկել էր ԱԺ պատգամավորների, իրավաբան-գիտնականների, կուսակցությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ավելի քան չորս տասնյակ ներկայացուցիչների հետ։
Ավելի ուշ սահմանադրական բարեփոխումների խորհուրդ էր ստեղծվել, որում ներկայացված են պետական այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք են ՄԻՊ–ը, ԲԴԽ–ն, ԱԺ–ն, կառավարությունը։ Ներկայացված են լինելու նաև խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները, արտախորհրդարանական քաղաքական ուժերը, հասարակական ու միջազգային կազմակերպություններ։