ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ԼՂ–ում դիտակետերով և Լաչինի միջանցքով մեկ օրվա ընթացքում ապահովել են ավելի քան 2 հազար մարդու ելումուտ, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակն ու հրադադարի պահպանման ռեժիմը։ Լաչինի միջանցքում և ԼՂ սահմանազատման գծի ողջ երկայնքով տեղակայված են ՌԴ խաղաղապահ ուժերի 27 դիտակետ։
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայող Վլադիմիր Բերկոզը պատմել է իր ծառայության մեկնարկի, դիտակետում խաղաղապահ ուժերի խնդիրների կատարման, ԼՂ–ում ապրելու, կենցաղի և ժամանցի մասին։
«Ծնունդով Ալթայի երկրամասից եմ, Ասյամովկա գյուղից։ Մեծացել եմ աշխատավորի ընտանիքում, մայրս կշռող–կերապան էր աշխատում, իսկ հայրս` մեխանիզատոր։ Կրտսեր եղբայր ունեմ, որն ինձ պես պայմանագրային զինծառայող է։ Սովորել եմ դպրոցում, 9-րդ դասարանից հետո ընդունվել Կուպինսկի բժշկական քոլեջ, քանի որ ուզում էի ատամնաբույժ դառնալ։ Քոլեջում սովորելու ժամանակ սպորտով էի զբաղվում, համալրել էի վոլեյբոլի հավաքականի հիմնական կազմը... Որոշակի պահի հասկացա, որ ուզում եմ զինվորական ծառայության անցնել և արդեն 2012 թվականից ծառայում եմ ՌԴ ԶՈւ–ում և չեմ զղջում ընտրությանս համար», – պատմել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վլադիմիր Բերկոզը։
Դիտակետերում ծառայություն իրականացնելու նպատակով ռուս խաղաղապահներին տրված է «Ռատնիկ» հանդերձանքը։ Դիտակետերը կահավորված են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով, անխափան էլեկտրասնուցման աղբյուրներով և գմբեթավոր տեսախցիկներով։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: