ՍԴ որոշումը մեր հաղթանակն է. առողջապահության նախարարությունը` ՊՇՌ թեստերի մասին

Քաղաքացիները շարունակելու են գործատուին ներկայացնել թեստ կամ սերտիֆիկատ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը համարում է, որ Սահմանադրական դատարանի` ՊՇՌ թեստերին վերաբերող որոշումն իրենց հաղթանակն է։
«Գերատեսչության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը հավաստում է` Սահմանադրական դատարանի որոշումը առողջապահության նախարարության հաղթանակն է, և այսպիսով ՊՇՌ թեստ հանձնելու որոշումը համարվել է սահմանադրական: Քաղաքացիները շարունակելու են գործատուին ներկայացնել կա՛մ ՊՇՌ բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ»,– ասված է գերատեսչության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող աշխատողների շրջանակի սահմանումը դուրս է առողջապահության նախարարին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակից:
ՀՀ–ում քանի՞ երեխա է պատվաստվել Covid–ի դեմ. առողջապահության նախարարության պատասխանը
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով հաստատվել էր, որ հոկտեմբերի 1-ից ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են գործատուին տրամադրել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստում անցնելու մասին տեղեկանք, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ անգամ ներկայացնել ՊՇՌ թեստի պատասխան։ Թեստը պետք է արված լինի փաստաթղթի ներկայացումից առավելագույնը 72 ժամ առաջ:
Դեկտեմբերի 1–ից փոխվեց ՊՇՌ թեստ հանձնելու հաճախականությունը. այժմ աշխատողները պարտավոր են շաբաթը մեկ ներկայացնել թեստի պատասխան։
Երեկ` դեկտեմբերի 23-ին, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարարի հրամանը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին:
ՊՇՌ թեստավորման բոլոր պահանջները մնում են ուժի մեջ. ՀՀ առողջապահության նախարարություն