ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Աժ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի կրթությունը, անցած ճանապարհն ու փորձառությունը բավարար են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի բանագնացը լինելու համար։ Այսօր առցանց ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով Ռուբինյանի նշանակման շուրջ հնչող քննադատություններին։
«Շատ դժվար է մեր թիմի որևէ անդամի մասին ասել «փորձառություն չունեցող», որովհետև մենք վերջին 1 կամ 3 տարվա ընթացքում անցել ենք այնպիսի փորձությունների միջով, որ տասնամյակների փորձություն է»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետն ավելացրեց, որ Ռուբինյանն այդ գործընթացը միայնակ չի վարելու. ԱԳՆ–ում ձևավորվելու է դիվանագիտական թիմ, որն այդ գործընթացն իրականացնելու է։
«Այսինքն` Ռուբինյանը գլխավոր բանակցողն է լինելու այս թեմայով։ Բայց դա չի նշանակում, թե մեր նախորդ փորձությունից ու փորձառությունից այդ ամենը կտրված է լինելու»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։
Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։