ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը։ Այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում Եվրոպայի օգնությանը վերաբերող հարցին։
«Մենք ելնում ենք նոյեմբերի 26-ի պայմանավորվածություններից և աշխատում ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Մենք կշարունակենք աջակցել և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին, այդ թվում` խորհրդատվությամբ», - ասել է Զախարովան:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բրյուսելյան հանդիպումից հետո Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարեց, որ Եվրոպան փորձագիտական և տեխնիկական աջակցություն կտրամադրի Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցում ՝ փորձագիտական առաքելություն ուղարկելով տարածաշրջան: