ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Մոսկվան երկխոսություն է վարում՝ կոնկրետ տրանսպորտային նախագծերի շուտափույթ գործարկման շուրջ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
«Այն նախաձեռնությունները, որոնք հրապարակվել են Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքում, լրացնում են 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները։ Նրանց առարկայական քննարկումը շարունակվում է եռակողմ աշխատանքային խմբի միջոցով՝ փոխվարչապետների համանախագահությամբ», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով` այդ մեխանիզմի շրջանակներում քննարկվում է Հարավային Կովկասում տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերի ամբողջ շրջանակը, ներառյալ ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոտրանսպորտային հաղորդակցության վերականգնումը տարածաշրջանում:
«Մենք խնդիրներ ենք արձանագրում և աշխատում ենք։ Շատ կարևոր է ձևավորել համապատասխան մթնոլորտ։ Մենք տեսնում, ֆիքսում ենք խնդիրները, մշակում ենք դրանք` առանձին - առանձին ենք քննարկում, ապա միասին», - պարզաբանել է ռուս դիվանագետը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։