«Միշելը մեզ չէր խանգարում». Փաշինյանը պատմել է՝ ինչ են խոսել Ալիևի հետ առանձնազրույցում

Հայաստանի վարչապետը չկարողացավ ասել, թե կոնկրետ քանի րոպե է տևել իր առանձնազրույցը Ադրբեջանի առաջնորդի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Տարեվերջյան առցանց ասուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Sputnik Արմենիայի հարցին, որը վերաբերում էր դեկտեմբերի 14-ին նրա հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Խոսելով առանձնազրույցի բովանդակությունից՝ Փաշինյանը ասաց, որ «քննարկել են նույնը, ինչ դրանից առաջ»։ Փաշինյանի և Ալիևի առանձնազրույցից առաջ նրանք համատեղ հանդիպում էին ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Փաշինյանը ժպիտով ասաց, որ Միշելը իրենց «չէր խանգարում»։
«Հանդիպումից հետո ես որոշակի հնարավորություն տեսա». ինչ են որոշել Փաշինյանն ու Ալիևը
«Այնպես չէր, որ Շառլ Միշելը սենյակից դուրս եկավ, և մեր թեման փոխվեց, ոչ դինամիկան է փոխվել, ոչ հարցերը», ֊ ասաց վարչապետը։
Հայաստանի վարչապետը չկարողացավ ասել, թե կոնկրետ քանի րոպե է տևել իր առանձնազրույցը Ադրբեջանի առաջնորդի հետ՝ տատանվելով 15֊ից 30 րոպեի միջև։
Հիշեցնենք՝ Փաշինյանը և Ալիևը Բրյուսելում հանդիպել էին դեկտեմբերի 14-ին, իսկ դեկտեմբերի 15-ին մասնակցել էին Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովին։