ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսում հայտարարեց, որ վստահ է` Երևանի նոր քաղաքապետի օրոք համայնքն ավելի լավ կղեկավարվի։
«Ես շատ կարևոր եմ համարում, որ «Իմ քայլը» խմբակցությունը սկզբունքայնություն դրսևորեց ու կայացրեց քաղաքականապես գրագետ ու սկզբունքային որոշում։ Կտեսնենք` առաջիկայում Երևան համայնքն ավելի լավ կկառավարվի, թե ավելի վատ։ Եվ ես որևէ կասկած չունեմ, որ ավելի լավ, որովհետև երբ որ ինստիտուտի աշխատանքն ու փոխհարաբերությունը առողջ է, այդ առողջությունը կարտահայտվի նաև քաղաքի վրա»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, որը քաղաքապետ էր ընտրվել 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով` «Իմ քայլը» դաշինքի առաջին համարի ներքո։
2020թ–ին հայտնի դարձավ, որ Մարությանը կուսակցությունից հեռանալու դիմում է ներկայացրել։