ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի– Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Instagram-ի իր էջում ընտանեկան լուսանկարներ է հրապարակել ու ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել մորը։
«Այսօր իմ մայրիկի` աշխարհի ամենասքանչելի կնոջ ծննդյան օրն է։ Իմ ամենաբարի, ամենաքնքուշ, ամենաարդար, ազնիվ, անշահախնդիր, ուժեղ ու գեղեցիկ մայրիկ, եղիր առողջ ու երջանիկ։ Թող քո բոլոր երազանքներն իրականանան»,–գրել է Գոհարը։
Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր երեխայի համար աշխարհի ամենաքաղցր բույրն իր մայրիկինն է։
«Ձեր մայրիկի ու երեխայի հոտը երբեք ոչ մեկի հետ չեք կարող շփոթել, դա ամենաառանձնահատուկն է, հոգու համար թանկ»,–ավելացրել է նա։
Դիմահարդարը շնորհակալություն է հայտնել մայրիկին, որ միշտ հավատացել է իր ուժերին ու աջակցել ամեն հարցում։
«Քո հավատի շնորհիվ ես կարողացա ինքս ինձ ապացուցել, որ եթե իսկապես ինչ-որ բան ուզում եմ, ուրեմն կարող եմ անել դա։ Ես քեզ անսահման սիրում եմ, մամ»,–գրել է նա։
Գոհարի էջի հետևորդները ևս ջերմ խոսքեր են գրել ու ամենայն բարիք մաղթել նրա մայրիկին։
Հիշեցնենք` Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ նա ընդամենը մեկ տարեկան է եղել։ Գոհարը հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Նա դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։
16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։
Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։