ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակին մասնակցելու համար Վրաստանի համար դուռը միշտ բաց է։ Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դեկտեմբերի 10-ին հարթակի առաջին նիստի ժամանակ բոլոր երկրները, այդ թվում Ռուսաստանը, միաձայն շահագրգռվածություն հայտնեցին այդ ձևաչափում Թբիլիսիի մասնակցության վերաբերյալ։ Համաձայնեցին, որ Վրաստանի համար դուռը միշտ բաց է», – նշել է Զախարովան։
Նրա խոսքով` ձևաչափի բոլոր մասնակիցները շահագրգռված են աշխատանքները շարունակելու, գործնական համագործակցություն հաստատելու հարցում։
Ինչ վերաբերում է Անկարայում հաջորդ նիստն անցկացնելուն, ապա, ինչպես պարզաբանեց Զախարովան, հաջորդ հանդիպման անցկացման վայրի և բովանդակության համաձայնեցումը իրականացվում է ԱԳՆ–ների կողմից բոլոր մասնակիցների կոնսենսուսի հիման վրա։
«Մենք ելնում ենք նրանից, որ առաջին հերթին կարևոր է կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք ընդհանուր հետաքրքրություն կներկայացնեն։ Այդ թվում առևտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային և մարդասիրական կապերի զարգացում, ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքար», – նշել է նա։
Զախարովան ընդգծել է, որ բոլոր այս ոլորտներն աշխատում են վստահության բարձրացման, տարածաշրջանում կայունության ամրապնդման ուղղությամբ։