ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. ԱՊՀ տարածքում արդեն կան մեխանիզմներ, որոնք օգնում են ռուբլով առևտուր անել ու նվազեցնել դրա տատանումների ռիսկերը: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեսակապի ժամանակ նման կարծիք հայտնեց «Ռոսէկսիմբանկի» ֆինանսական ինստիտուտների և հաճախորդների գործառնությունների գծով տնօրեն Անդրեյ Մատյաշչուկը։
Մատյաշչուկն ասաց, որ պատճառներից մեկը, թե ինչու է բիզնեսը նախընտրում դոլարով առևտուր անել, ռուբլու փոխարժեքի տատանումներն են: Բայց այստեղ էլ իրավիճակը վերջին տարիներին նկատելիորեն փոխվել է։
Նախ՝ ռուբլին արդեն այնքան էլ կախված չէ նավթի գնանշումներից, ինչպես նախկինում, երկրորդ՝ ՌԴ կենտրոնական բանկը, նրա խոսքով, վաղուց արդեն վարչական միջոցներով չի պաշտպանում ազգային արժույթի փոխարժեքը:
«Գոյություն ունեն արժութային ռիսկերի հեջավորման մեխանիզմներ, դրանք տրամադրում ենք, մասնավորապես՝ մենք։ Մոսկվայի բորսայում կան ռուբլու գործող արժութային զույգեր՝ ԱՊՀ երկրների արժույթներով», - հիշեցրեց Մատյաշչուկը։
ԱՊՀ Միջպետական բանկի փոխնախագահ Իգոր Չումակովսկին իր հերթին նշեց, որ ԱՊՀ երկրները առանց SWIFT համակարգի մասնակից լինելու կարող են բանկի միջոցով հաշվարկներ իրականացնել:
Չումակովսկին ավելացրեց, որ ճիշտ է, պետք է խոստովանել, որ ռուբլու միջազգայնացումը որպես վճարման միջոց ժամանակ է պահանջում՝ հաշվի առնելով ֆինանսական աշխարհի պահպանողականությունը։
Օրինակ, Չինաստանը երկար տարիներ աշխատում է յուանի միջազգայնացման վրա, բայց այդ արժույթով գործարքները կազմում է ընդհանուր գործարքների ընդամենը մոտ 1.2%-ը (ռուբլու այդ ցուցանիշը 0.3% է)։
Նշենք, որ բիզնեսը խուսափում է յուանից նաև պետության կողմից դրա փոխարժեքի ուժեղ կառավարելիության պատճառով (մասնավորապես՝ դրա փոխարժեքն արհեստականորեն նվազեցվում է Չինաստանից արտահանմանն աջակցելու համար, դրա համար ՉԺՀ Ժողովրդական բանկն արժույթի մեծ պաշարներ է գնում)։
Չումակովսկին ավելացրեց, որ, այնուամենայնիվ, ռուբլով առևտրի ավելացման նախադրյալներ կան, դա կապված է ԱՊՀ երկրների միջև առևտրի խորացման հետ:
Նշենք, որ վերջին10 տարիների ընթացքում ԱՊՀ Միջպետական բանկի երկրների միջև հաշվարկներում ռուբլու բաժինն աճել է 60-ից մինչև 70 տոկոս, ևս 1-2 տոկոսը բաժին է ընկնում այլ արժույթներին, մնացածն արվում է դոլարով ու ավելի քիչ՝ եվրոյով:
ԱՊՀ Միջպետական բանկի անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը և Թուրքմենստանը: