Աֆղանստանում արգելել են կանանց բժշկի գնալ առանց տղամարդկանց ուղեկցության

Բժիշկներից պահանջվում է օգնություն չցուցաբերել նման հիվանդներին և անգամ չթողնել նրանց մտնել հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Թալիբները Աֆղանստանի Ղազնի նահանգի բժիշկներին արգելել են բուժել կանանց, եթե այցելության ժամանակ նրանց տղամարդ չի ուղեկցում: Այս մասին հայտնում է Etilaatroz պարբերականը՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահության նախարարության աղբյուրը։
Նախկինում կանայք կարող էին հիվանդանոց գալ մենակ կամ հարազատների ուղեկցությամբ։ Բայց, ըստ Թալիբանի ղեկավարության, եթե կինն առանց տղամարդկանց իմացության գնում է հիվանդանոց, դա «անօրինական է և անբարոյական»: Բժիշկներից պահանջվում է օգնություն չցուցաբերել նման հիվանդներին և անգամ չթողնել նրանց հիվանդանոցներ։
Նոր ահաբեկչություն Քաբուլում, մարտեր Բաղլանում․ թալիբները չեն վերահսկում Աֆղանստանը
Թալիբները խստորեն սահմանափակել են կանանց իրավունքները։ Աֆղանստանում կանանց արգելված է սպորտով զբաղվել, պատճառն այն է, որ մարզիկների մարմինները և դեմքերը «բաց են դիտորդների համար»։ Աղջիկները կարող են դպրոցում և համալսարանում սովորել, բայց միայն տղամարդկանցից առանձին և այն դեպքում, եթե ամբողջ մարմինը ծածկող հագուստով են։ Բացի այդ, նրանց կարող են դասավանդել միայն կանայք կամ տարեց տղամարդիկ։
Թալիբների ղեկավարությունը հաստատել է նաև երկրում հեռուստատեսային հեռարձակման նոր կանոններ, որոնց համաձայն՝ բոլոր լրագրողներն ու կին հաղորդավարները պետք է էկրանին հայտնվեն գլուխները ծածկած։ Կանանց ամբողջությամբ արգելված է նկարահանվել հեռուստասերիալներում։
Թալիբները խորհուրդ չեն տվել նաև, որ կանայք լքեն իրենց տներն առանց տղամարդու ուղեկցության՝ բացատրելով, որ դա իբր արվում է կանանց անվտանգության համար:
Թալիբները երաժշտության ձայնի պատճառով հարձակվել են հարսանքավորների վրա ու կրակ բացել
«Մեր անվտանգության ուժերը պատրաստված չեն, թե ինչպես վարվել կանանց հետ, ինչպես խոսել կանանց հետ», - ասել են նրանք։
Մայրաքաղաք Քաբուլի քաղաքապետն էլ խորհուրդ է տվել քաղաքապետարանի կին աշխատակիցներին մնալ տանը, եթե տղամարդը կարող է անել իրենց աշխատանքը։ Փաստացի նրա որոշումը արգելում է կանանց աշխատել քաղաքապետարանում։
Օգոստոսի կեսերին թալիբներն արագ հարձակման արդյունքում վերահսկողության տակ են առել Աֆղանստանի ողջ տարածքը՝ առանց կռվի գրավելով մայրաքաղաք Քաբուլը։ Աֆղանստանը հայտարարվել է «Իսլամական պետություն», որտեղ աշխարհիկ իշխանությունը լինելու է կրոնական վերահսկողության տակ։