ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. 2016թ–ին ԼՂ բանակցային պրոցեսում տեղի է ունեցել աղետ։ Այսօր առցանց ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2016թ–ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացվել է առաջարկությունների 3 փաթեթ, որտեղ 2011թ–ից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ–ն ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը հայկական կողմից լայնորեն քարոզվում ու գովազդվում է։ Բայց աղետը սա չէ։ Այդ բանակցային փաթեթում նշվում է, որ ԼՂ–ն ունի ԱԺ, ունի դատական իշխանություն և այլն, բայց ոչ ոք չի ասում, որ ԼՂ այդ ժամանակավոր իրավիճակն ու կարգավիճակը ճշգրտելու հարցը, ըստ այդ բանակցային բովանդակության, տեղափոխվել է ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդ, և ասվել է, որ ՄԱԿ–ի ԱԽ–ն, խորհրդակցելով Հայաստանի հետ, խորհրդակցելով Ադրբեջանի հետ, խորհրդակցելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, որոշում է կայացնում այդ իրավական համակարգերի իրավական ու պրակտիկ կիրառման նրբությունների վերաբերյալ»,– ասաց Փաշինյանը։
Նրա մեկնաբանմամբ` այսկերպ ԼՂ հարցի լուծումը, որ բանակցային ամբողջ պրոցեսում գտնվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տիրույթում, այս կետով տեղափոխվում է ՄԱԿ–ի ԱԽ։ Իսկ ՄԱԿ–ի ԱԽ տիրույթում ԼՂ–ի` որ երկրի տարածքում գտնվելու հարցի որոշումը, ըստ Փաշինյանի, դառնում է շատ կանխատեսելի։
«Որովհետև 1993թ–ին ՄԱԿ–ի ԱԽ–ն ընդունել է մի բանաձև, որտեղ ասվում է` Ադրբեջանի ԼՂ–ի տարածաշրջան։ Ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու անքակտելիությունը։ Այս աղետն է տեղի ունեցել 2016թ–ին ԼՂ բանակցային պրոցեսում»,– ասաց վարչապետը։
Նա միաժամանակ հիշեցրեց, որ 2017թ–ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել էր, որ բանակցային պրոցեսը կանգնած է, քանի որ Ադրբեջանի ակնկալիքներն անընդունելի են ՀՀ–ի համար։