ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը որևէ մեկին չի սպառնում։ Ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` պատասխանելով Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից «հարձակվելու հնարավորության» մասին բրիտանացի լրագրողի հարցին։ Նախագահի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
«Մենք չենք սպառնում որևէ մեկին։ Մի՞թե մենք ենք մոտեցել ԱՄՆ–ի կամ Մեծ Բրիտանիայի սահմաններին կամ մեկ այլ տեղ։ Մեզ մոտ են եկել և դեռ ասում են` ոչ, այժմ նաև Ուկրաինան կլինի ՆԱՏՕ–ում», – ասել է նա։
ՌԴ ԱԳՆ–ում ավելի վաղ նշել էին, որ «ռուսական ագրեսիայի» և դրանից պաշտպանվելու հարցում Կիևին օգնելու հնարավորության մասին Արևմուտքի հայտարարությունները և՛ ծիծաղելի են, և՛ վտանգավոր։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանն իր տարածքի սահմաններում զորքը տեղափոխում է իր հայեցողությամբ։ Ըստ նրա` դա որևէ մեկին չի սպառնում և որևէ մեկին չպետք է մտահոգի։ Բացի այդ, Կրեմլում ընդգծում էին, որ Ռուսաստանը որևէ մեկի համար վտանգ չի ներկայացնում, սակայն անպատասխան չի թողնի իր շահերի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող գործողությունները։
Ղրիմը ռուսական տարածաշրջան է դարձել 2014 թվականի մարտին` այնտեղ անցկացված հանրաքվեից հետո, երբ թերակղզու բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ վերամիավորմանը:
2014 թվականի ապրիլին Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողություններ սկսեցին ինքնահռչակ ԴԺՀ–ի և ԼԺՀ–ի դեմ, որոնք իրենց անկախությունն էին հռչակել 2014-ի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո: ՄԱԿ–ի վերջին տվյալների համաձայն` հակամարտության զոհ էր դարձել մոտ 13 հազար մարդ։
Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցը քննարկվում է, այդ թվում՝ շփման խմբի հանդիպումների ժամանակ։ Սակայն նույնիսկ զինադադարի համաձայնագրերի ստորագրումից հետո փոխհրաձգությունը շարունակվում ։ ԴԺՀ–ում հայտարարել են, որ Ուկրաինան բնակելի շրջաններ է գնդակոծում ծանր հրետանիով։ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Կիևը չի կատարում Մինսկի համաձայնագրերն ու ձգձգում է հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները։
ՌԴ ԱԳՆ–ում նշում էին, որ Կիևը Դոնբաս է ուղարկել Ուկրաինայի ԶՈւ անձնակազմի կեսին։ Մոսկվան մտահոգություն է հայտնում ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ–ի երկրների ռազմական տեխնիկայի տեղափոխման և Դոնբասում արևմտյան հրահանգիչների թվի ավելացման վերաբերյալ։ Արևմուտքի երկրները շարունակում են Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերել, այդ թվում մատակարարելով սպառազինություն, որը կիրառվում է Դոնբասում։