ՊՇՌ թեստավորման բոլոր պահանջները մնում են ուժի մեջ. ՀՀ առողջապահության նախարարություն

COVID-19-ը հայտնաբերելու թեստ
Գերատեսչությունն անդրադարձել է ՍԴ որոշմանը և շեշտել` աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն ՊՇՌ թեստավորում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը «մեկնաբանել» է Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումը, ըստ որի` աշխատողները չպետք է ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին:

«Հակասահմանադրական է ճանաչվել միայն նախարարի հրամանի բոլոր հավելվածների հետևյալ ձևակերպումը. «իրականացնում է աշխատողն իր հաշվին»: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում: Այսպիսով` ՀՀ առողջապահության նախարարի հրամանը ճանաչվեց սահմանադրական, և բոլոր պահանջները մնում են ուժի մեջ։ Միայն վերոնշյալ ձևակերպումը ճանաչվեց հակասահմանադրական»,– նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով հաստատվել էր, որ հոկտեմբերի 1-ից ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են գործատուին տրամադրել կա՛մ Covid-19-ի դեմ պատվաստում անցնելու մասին տեղեկանք, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնել (թեստը պետք է արված լինի փաստաթուղթը ներկայացնելուց առավելագույնը 72 ժամ առաջ):
Դեկտեմբերի 1–ից փոխվեց ՊՇՌ թեստ հանձնելու հաճախականությունը. այժմ աշխատողները պարտավոր են շաբաթը մեկ թեստի պատասխան ներկայացնել։
Կորոնավիրուսով վարակվածների քանի՞ տոկոսն է չպատվաստված. ներկայացնում է ԱՆ–ն
Նշենք, որ Ազգային ժողովը դեկտեմբերի 10-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գործատուին հնարավորություն է տրվում կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, աշխատանքային պարտականությունները չկատարելու հիմքով ընդհուպ լուծել աշխատանքային պայմանագիրը:
Սահմանվել են նաև բացառություններ: Այդ կարգավորումները չեն տարածվում ՀՀ նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա:
Նշենք, որ առողջապահության նախարարի հրամանը վիճարկում էր «Հայաստան» դաշինքը։