Pfizer-ի պատվաստանյութը մինչև տարեվերջ կհասնի Հայաստան

2021 թվականի հուլիսից գերմանական «Pfizer» ընկերության պատվաստանյութի ձեռքբերման շուրջ տարվող բանակցությունները հասել են վճարման փուլին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Մինչև 2021թ-ի ավարտը կորոնավիրուսի դեմ գերմանական Pfizer ընկերության արտադրած պատվաստանյութը կհասնի Հայաստան։ Այդ նպատակով ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է պետական բյուջեից 1.2 մլրդ դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը։
Որոշման նախագծի համաձայն, նշված գումարով նախատեսվում է ձեռք բերել «Pfizer»-ի պատվաստանյութի 200 000 դեղաչափ։
«2021 թվականի հուլիսին առողջապահության նախարարությունը նախաձեռնել էր գերմանական «Pfizer» ընկերության պատվաստանյութի ձեռքբերման գործընթացը: Ներկայումս բանակցությունները ավարտված են, պայմանագիրը կնքման ընթացքում է, նախատեսվում է մինչև տարեվերջ պատվաստանյութի ներկրում»,– նշված է կառավարության որոշման նախագծում:
ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարները քննարկել են պատվաստանյութերի մատակարարման հարցը
Նշենք, որ նույն որոշմամբ ԱՆ–ին բյուջեից ևս 2.5 մլրդ դրամ է հատկացվել` կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման աշխատանքներում ներգրավված բուժհիմնարկների ծախսերի ու բուժանձնակազմերի աշխատավարձերի վճարման համար։
Նշենք, որ առաջիկայում նաև Պորտուգալիան Հայաստանին «Pfizer»-ի պատվաստանյութի 40 000 դեղաչափ կտրամադրի։ Այդ մասին հայտարարել էր Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով hանձնակատար Օլիվեր Վարհեին։ Բոլոր ծախսերը հոգալու է ԵՄ-ն։