«Pegasus» ավիաընկերությունը Ստամբուլ-Երևան չվերթերը կսկսի առաջիկա օրերին. թուրք նախարար

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարի խոսքով` ոչ միայն թուրքական, այլև հայկական ավիաընկերություն է այդ երթուղով թռչելու ցանկություն հայտնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik․ Թուրքական «Pegasus» ավիաընկերությունը պատրաստվում է Ստամբուլ-Երևան երթուղով չվերթեր սկսել։ NTV-ի եթերում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն:
Նրա խոսքով` թռիչքները կսկսվեն առաջիկա օրերին։ Բացի այդ, նա ասել է, որ նույն երթուղով թռիչքներ իրականացնելու ցանկություն ունի ևս մեկ ընկերություն՝ արդեն հայկական:
Ո՞վ կլինի 1-ին ծիծեռնակը. հայկական ընկերությունները 2015–ից թռիչք չեն կատարել դեպի Թուրքիա
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։
Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։