ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Փարաքար համայնքում լարված իրավիճակ է. «Ապրելու երկիր» կուսակցության համակիրները հավաքվել են համայնքապետարանի առջև և պնդում են, որ իրենց թեկնածուն՝ Վալոդյա Գրիգորյանն է ընտրվել համայնքի ղեկավար։ Տեղում մեծ թվով ոստիկաններ են հավաքվել։
Նշենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, և նրանք պնդում են, որ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վալոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար:
Իսկ, ահա, «Դավիթ Մինասյան» դաշինքն էլ պնդում է` ավագանու 11 ձայներով համայնքապետ է ընտրվել Դավիթ Մինասյանը (նրան ձայն էին տվել նաև ՔՊ-ի ավագանու անդամները):
«Դեկտեմբերի 5-ին տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ և մենք 49 տոկոս ձայն ենք հավաքել։ Համայնքի ղեկավարի ընտրության օրը միայն «Ապրելու երկիրն» է համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրել, որն էլ ընտրվել է։ Նիստին հայտարարվել է, որ Վոլոդյա Գրիգորյանն ընտրվել է համայնքի ղեկավար և այսօր ժամը 12-ին պետք է նրա երդմնակալության արարողությունը լինի»,–լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արաքսյա Գրիգորյանը։
Նրա խոսքով` դրանից հետո «Դավիթ Մինասյան» դաշինքն էլ նիստ է արել և համայնքի ղեկավար ընտրել։ Ի դեպ, քանի որ համայնքապետարանի դռները փակ են, «Ապրելու երկիրը» համայնքապետարանի առջև ամբիոն է տեղադրել և երդմնակալության արարողություն է կազմակերպել։ Վալոդյա Գրիգորյանը տեղում է` արարողությանը մասնակցելու համար։
Հավելենք նաև, որ «Դավիթ Մինասյան» դաշինքն էլ հայտարարել էր, որ այսօր նաև Դավիթ Մինասյանի երդմնակալության արարողությունը կլինի։