ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում շուրջ 1200 երեխա ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«2021 թվականի դեկտեմբերի 19-ի տվյալներով` 12-17 տարեկան երեխաների շրջանում իրականացվել է 1199 առաջին դեղաչափ և 465 երկրորդ դեղաչափ պատվաստում»,– գրված է պատասխանում։
Միաժամանակ գերատեսչությունից հայտնում են, որ այս պահին տարիքային շեմի փոփոխության քաղաքականություն չի քննարկվում։
Sputnik Արմենիան նաև հարցրել էր, թե կորոնավիրուսով վարակված և հոսպիտալացված անձանցից քանիսն են պատվաստված։
«Դեկտեմբերի 20-ի դրությամբ հոսպիտալացված 1317 պացիենտից 67-ը պատվաստված են»,– նշված է նախարարության պատասխանում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտնեց, որ ստացել է երրորդ (խթանիչ) դեղաչափը և բոլորին խորհուրդ տվեց նույնն անել։