ԵՐԵՎԱՆ,23 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում առաջին անգամ ստեղծվելու է հայրենադարձության և ինտեգրման կենտրոն։ Առցանց ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Այն կլինի հայրենադարձների ինտեգրումը պետական մակարդակով իրականացնող առաջին կենտրոնը։ Ծառայությունները մատուցվելու են արևելահայերենով, արևմտահայերենով, ռուսերենով ու անգլերենով մեկ պատուհանի սկզբունքով` լուծելով հայրենադարձների տարաբնույթ խնդիրները»,– նշեց Սինանյանը։
Նրա խոսքով` բանակցությունների ընթացքում գրասենյակը կենտրոնի համար ապահովել է վերանորոգված տարածք, որը տրամադրվելու է անհատույց` «Հովնանյան» հիմնադրամի կողմից։
Կառավարության նախագիծն այժմ շրջանառության մեջ է։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նաև ընդգծեց, որ գրասենյակը կազմել է հայրենադարձության գործընթացը համակարգելու առցանց հարթակի տեխնիկական բնութագիրը, կազմվել է կենտրոնի աշխատակիցների վերապատրաստման ձեռնարկ։
Սինանյանը նաև ասաց, որ 1 տարվա ընթացքում գրասենյակն ընդունել է շուրջ 1000 հայրենադարձի, սիրիահայերին տրամադրվել է ավելի քան 100 միջնորդություն անվճար բուժօգնություն ստանալու համար։
Հայրենադարձներին աշխատանքի աջակցության հարցում գործակցել են տարբեր գործընկերների հետ, տեղավորել աշխատանքի` սկսած բուժհաստատություններից մինչև ՏՏ ոլորտի ձեռնարկություններ։
Հիշեցնենք, որ 2019 թվականին Կառավարությունը լուծարել է «Հայրենիք–սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ–ը, որը գտնվում էր ՀՀ սփյուռքի նախարարության հաշվեկշռում։
«Հայրենիք-սփյուռք կենտրոնը» ստեղծվել էր 2010թ-ին` հայապահպանության, հայրենադարձության, հայրենադարձների ինտեգրման, սփյուռքի ներուժի հայտնաբերման և Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ այդ ներուժի ներդրման ծրագրերի իրականացման նպատակով: