Դավիթ Բեժանյանի ստեղծած արձանի վերականգնման ընթացքում դարձյալ պղինձ են գողացել. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Վարչապետը հայտնեց, որ ոստիկանության հետ պայմանավորվել են բացառել նման դեպքերը բոլոր վերականգնվող պատմամշակութային համալիրներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Երևան–Սևան ավտոմայրուղու վրա տեղադրված Դավիթ Բեժանյանի «Հավերժության ժապավեն» արձանի վերականգնման աշխատանքները մոտենում ն ավարտին։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քանի որ այն պղնձից էր, կտոր–կտոր գողացել էին։ Իմիջիայլոց, նաև այս վերականգնման ընթացքում նման դեպքեր են արձանագրվել։ Մենք պայմանավորվել ենք ոստիկանության հետ, որ բոլոր վերականգնվող համալիրներում նման դեպքերը բացառվեն»,– ասաց վարչապետը` կարևորելով դրանց պատշաճ կազմակերպումն ու դրա համար պատասխանատու մարմինների նշանակումը։

Դավիթ Բեժանյանի «Հավերժության ժապավեն» կամ «Ճանապարհաշինարարներ» արձանի թալանվելու մասին կառավարության մակարդակով հայտարարվեց 2019թ–ին, երբ որոշվեց նաև այն վերականգնել պետության հաշվին։
«Նման է, շատ նման». Ռոստովում բացվել է մարշալ Բաղրամյանի արձանը
Տարիների թալանից հետո ճանապարհի եզրին երբեմնի արձանի մասին այդ ժամանակ հիշեցնում էր միայն պատվանդանի վրա մնացած մետաղական կոնստրուկցիան։
Արձանի վերականգնման համար բյուջեից հատկացվեց 9 մլն դրամ։