ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու և այն վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված` Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև 2022թ.-ի մարտի 24-ը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նախկինում կիրառված որոշ սահմանափակումներ հանվել կամ ավելի մեղմ պայմաններ են առաջադրվել:
Փոփոխությունները, մասնավորապես, վերաբերում են հետևյալ կետերին՝
Հանրապետությունում ուսումնական գործընթացը լիարժեք վերականգնվում է՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ:
Հավաքների և այլ միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը թույլատրվում է միայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ: Միջոցառումների մասնակցության մասին համապատասխան դրույթներում հանվել է անձանց թվաքանակի սահմանափակումը:
Հանվել է նաև աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:
Պատվաստումից հետո բժշկի ցուցումով անձը կարող է երկու օր մնալ տանը և չաշխատել:
Հղի կանանց և ռիսկային գոտում գտնվող այլ անձանց աշխատանքը հնարավոր բոլոր դեպքերում կազմակերպել հեռավար:
Ուժի մեջ են մնում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները, որոնց պահպանման հանդեպ լրացուցիչ վերահսկողություն է իրականացվելու:
Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Արցախում կատարվել է 331 թեստավորում, արդյունքում 13 նոր դեպք է գրանցվել։ Այժմ 84 վարակակիր ստացիոնար բուժում են ստանում, 14 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 40-ինը` ծանր։ 1 օրում մահացել է 1 կին։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսով վարակվելու 4722 դեպք է գրանցվել։