Տղամարդն առևտրի կետից գումար է վերցրել, վնասել իրեն ու ավազակային հարձակում ձևացրել

Ոստիկաններ
Տղամարդը ոստիկանությունում տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել փողն ու խոհանոցային դանակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Տղամարդը ընկերության փողերը ծախսել է ու ինքնավնասման միջոցով ավազակային հարձակում ձևացրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերի 22-ին` ժամը 00.40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած տղամարդը հայտնել է, որ Աբովյան-Ջրվեժ ճանապարհին առանց համարանիշների «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի վարորդը կանգնեցրել է իր «Ֆորդ» ավտոմեքենան, դանակով խփել ոտքին և հափշտակել 2 750 000 դրամ: Ահազանգը տարածքային կարգով փոխանցվել է ոստիկանության Կոտայքի բաժին։
Երևանում 28-ամյա իրանցին ավազակային հարձակման է ենթարկվել
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ «Ֆորդի» 31-ամյա վարորդը սեպտեմբերից դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի մեծածախ առևտրի կետից ապրանքի դիմաց մաս-մաս վերցրել է մոտ 1 900 000 դրամ, որը պետք է փոխանցեր ընկերության տնօրենին, սակայն ծախսել է անձնական կարիքների համար։
Դեկտեմբերի 21-ին հերթական խմբաքանակ ապրանքի դիմաց 850.000 դրամ վերցնելուց հետո, հասկանալով, որ չի կարող տնօրենին վճարել 2 750 000 դրամը, որոշել է ավազակային հարձակում ձևացնել։ Իր վարած «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայում պահվող խոհանոցային դանակով վնասել է ձեռքի ափն ու ազդրը և պատռել տաբատի գրպանները:
Տղամարդը հրավիրվել է ոստիկանության Կոտայքի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել փողն ու խոհանոցային դանակը:
Կատարվում է քննություն։
Ավազակային հարձակում Տաշիրում. երիտասարդն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց