Շանտաժ ու սպառնալիքներ չեն եղել. «Իմ քայլը» հերքում է մամուլի հրապարակումները

Ավագանու նիստ
Երևանի քաղաքապետարանում ընթանում է Երևանի ավագանու հատուկ նիստը, որի ընթացքում կորոշվի գործող քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու ու նրա փոխարեն քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին ընտրելու հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հերքում է մամուլի հրապարակումներն այն մասին, որ իշխող ուժի կողմից ճնշումներ են եղել ավագանու անդամների նկատմամբ։ Նա այդ մասին հայտարարեց այսօր ՝ քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնանկության հարցով անցկացվող Երևանի ավագանու արտահերթ նիստում` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանի հարցին։
«Պարո՛ն Գալջյան, դուք ընդունո՞ւմ եք, որ շանտաժի ու սպառնալիքների միջոցով փորձել եք ազդել ավագանու անդամների ազատ կամարտահայտման վրա»,– ասաց Գևորգյանը։
«Ո՛չ, չեմ ընդունում»,– պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։
Երևանի քաղաքապետարանում շարունակվում է կոռուպցիոն երևույթների դրսևորումը. Արմեն Գալջյան
Հիշեցնենք` այս պահին Երևանի քաղաքապետարանում ընթանում է Երևանի ավագանու հատուկ նիստը, որի ընթացքում կորոշվի գործող քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու ու նրա փոխարեն քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին ընտրելու հարցը:
Նիստը վարում է Հայկ Մարությանը։ Օրակարգը ներկայացնելուց հետո Մարությանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Գրիգոր Երիցյանն ու Գայանե Վարդանյանը դիմումներ են ներկայացրել ավագանու մանդատից հրաժարվելու մասին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 17-ին «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրել էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Հավաքվել էր 44 ստորագրություն, որից 39-ը «Իմ քայլը» խմբակցության անդամներինն էր։
«Լուսավոր Հայաստանը» չի միանա Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը