Հայկ Մարությանն իներցիայով կշարունակեր պաշտոնավարել, եթե չլինեին հանրապետությունում անցկացված ՏԻՄ ընտրությունները, որտեղ Փաշինյանի թիմը գրեթե բոլոր խոշոր քաղաքներում պարտություն կրեց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Մի կողմից երկրում հասունանում էր քաղաքային ընդվզում, որն արտահայտվում էր խոշոր քաղաքներում ՔՊ-ի պարտությամբ, մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը խնդիր ուներ կասեցնել այդ գործընթացը և տոտալ վերահսկողություն հաստատել ՏԻՄ-երի հանդեպ»,- ասաց նա։
Սուրենյանցն ասում է` Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը ոչ ժողովրդավարության, ոչ էլ քաղաքական տրամաբանության հետ որևէ աղերս չունի։ Բացի այդ` երաշխիք էլ չկա, որ Հրաչյա Սարգսյանը կծառայի ի շահ ՔՊ-ի և ի շահ Երևանի։
Նրա կարծիքով` միակ գործոնը, որով իշխող թիմը առաջնորդվել է Սարգսյանին քաղաքապետի պաշտոնում առաջադրելիս, վերջինիս կառավարելի լինելն է։
«Ինչքան մարդը խարիզմա չի ունենում, ապարատային կշիռ չի ունենում, քաղաքական դիմագիծ չի ունենում` այնքան իշխանության համար ավելի լավ։ Ինչ վերաբերում է հիմնավորմանը, թե Մարությանի դեպքում քաղաքական խզում էր առաջացել, ապա մեզ որևէ ձևով պարզ չէ այդ մարդու քաղաքական պատկանելիությունը»,- հավելեց Սուրենյանցը։
Քաղաքագետի խոսքով` եթե քաղաքային իշխանության լեգիտիմության խնդիր էր առաջացել, ավելի տրամաբանական կլիներ արտահերթ ընտրություններ անցկացնել։
Նշենք, որ Երևանի ավագանին այսօրվա արտահերթ նիստում անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին։
Ավագանին 44 կողմ, 10 դեմ, 3 անվավեր ձայներով Երևանի նոր քաղաքապետ ընտրեց նրա առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին: