ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են պահպանել սահմանին գազի գինը 2022 թվականին, բայց ճշգրտման կարիք ունեցող հարցե են մնացել, հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Ներկա գինը սահմանին (165 դոլար հազար խորանարդ մետրի համար – խմբ.) կպահպանվի հաջորդ տարի, բայց 2 հարց կա, որի շուրջ պետք է պայմանավորվել։ Առաջինը՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հարցն է, երկրորդը՝ գազի կալորիականությունը արժեքի մեջ ներառելը։ Այս հարցերը քննարկման փուլում են, բայց գազի գինը հաստատվել է ու երկարաձգվել է»,-հայտարարել է Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական կողմը բարձրացրել էր այն հարցը, որ եթե Հայաստան հասնող գազի էներգետիկ արժեքը գերազանցում է որոշակի սահմանաչափը (7900-8000 կիլոկալորիա խորանարդ մետրում, նվազագույն 7600 սահմանաչափի դեպքում), ապա պետք է գինը սահմանվի բարձր գործակցով։ Հարցի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։
Ինչ վերաբերում է «Հրազդան-5»-ին, ապա «ՀայՌուսգազարդի» վերջին 20 տոկոս բաժնետոմսերը «Գազպրոմին» վաճառելու վերաբերյալ 2013 թվականին կնքված պայմանագրում հայկական կողմը պարտավորվել էր ապահովել ներդրումների վերադարձը, որ «Գազպրոմը» կատարել էր «Հրազդան-5»-ի շինարարության մեջ, ինչպես նաև համապատասխան շահութաբերություն։ Սակայն «Հրազդան-5»-ը էլեկտրաէներգիայի սակագնի մեջ չի ստանում մշտական վճարումներ սահմանված հզորության յուրաքանչյուր մեգավատի համար (որը սահմանված է ԱԷԿ-ի ու Երևանի ՋԷԿ-ի համար)։
Նշենք, որ Գրիգորյանն իր ռուս գործընկեր Ալեքսեյ Օվերչուկի հետ այսօր Երևանում անցկացրել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը։