Ռուսաստանը, որպես առանձնահատուկ գործընկեր և բարեկամ, մեծապես աջակցում է ՀՀ-ին. Սարգսյան

Asia Times-ի հետ հարցազրույցում Արմեն Սարգսյանը նշել է, որ Սփյուռքի ներուժը չենք կարողանում ճիշտ օգտագործել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը դեռևս չի հաղթահարել պատերազմի և կորոնավիրուսի հետևանքները: Նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Asia Times-ի հետ հարցազրույցում` պատասխանելով հարցին, թե կորոնավիրուսի հետևանքով ամենաշատ տուժած զբոսաշրջության ոլորտի առնչությամբ ինչ տեսլական ունի. տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
«Մենք մեծապես գնահատում ենք մեր բոլոր բարեկամների աջակցությունը: Շատ երկրներում ունենք լավ բարեկամներ: Պետական այցով եղել եմ Իտալիայում, և Իտալիայի կառավարությունը խոստացել է աջակցել Հայաստանին՝ մեծ քանակությամբ պատվաստանյութ տրամադրելով։ Ռուսաստանը, որպես առանձնահատուկ գործընկեր և բարեկամ, մեծապես աջակցում է Հայաստանին»,–ասել է նախագահը։
Ադրբեջանը սահմանազատումից առաջ փորձում է պարտադրել խաղի իր պայմանները. նախագահ
Նրա խոսքով` Հայաստանը փոքր երկիր է, բայց՝ համաշխարհային ազգ. Ռուսաստանում, հավանաբար, նույնքան հայ է ապրում, որքան Հայաստանում կամ Ամերիկայում։
Սարգսյանը նշել է, որ հարցն այն է, թե որքան արդյունավետ ենք օգտագործում մեր ուժը։ Նրա կարծիքով` Ադրբեջանը վերջին 26 տարվա ընթացքում բավականին արդյունավետ օգտագործեց իր ուժը՝ նավթը։ Իսկ Հայաստանի ուժը Սփյուռքն է։
«Բայց որքանո՞վ ենք մենք արդյունավետ օգտագործում այն: Անկեղծ ասած, մենք դեռևս այդպես չենք անում։ Մենք դեռ պետք է սովորենք, թե ինչպես այդ տաղանդավոր մարդկանց, նրանց փորձառությունը, գիտելիքները ու հայկական փողերը դրսից բերենք Հայաստան։ Այն պահին, երբ դա սովորենք՝ իսկապես հաջողակ կլինենք»,–ասել է նա։
Այս պատերազմը կրոնական չէր և չէր կարող լինել. Արմեն Սարգսյանի հարցազրույցը
Սարգսյանի խոսքով` մենք նման ենք Պարսից ծոցի որևէ երկրի, որը որոշել է չօգտագործել իր նավթը. ի՞նչ է ստացվում արդյունքում՝ անապատ: Նա շեշտել է` հայերս դեռ պետք է սովորենք, թե ինչպես օգտագործել մեր Սփյուռքի ուժը։ ՀՀ նախագահը նշել է` Սփյուռքը շատ ավելի լավ կարող է օգնել Հայաստանին, բայց դրա համար պետք է որոշ փոփոխություններ կատարենք՝ կրկին Սահմանադրությունը փոխելով։ Հարցն այն է, որ ըստ ՀՀ Սահմանադրության` սփյուռքահայը Հայաստանում չի կարող նախարար լինել, ինչը, ըստ Սարգսյանի, շատ մեծ սխալ է: