ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական զորախումբը Սիրիայի տարածքում խաղաղության պահպանման երաշխավորն է, ինչպես և ՌԴ ԶՈւ անձնակազմը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ՌԴ ՊՆ հանրային խորհրդի լիագումար նիստում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Ավելի քան մեկ տարի է` ռուս խաղաղապահները ԼՂ–ում և հարակից շրջաններում պայմաններ են ապահովում խաղաղ կյանքի համար, նպաստում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։ Մինչ այս պահը որևէ լուրջ միջադեպ չի գրանցվել», – ասել է Շոյգուն։
ՌԴ ՊՆ ղեկավարի խոսքով` Սիրիայում տարեսկզբից ռուս զինծառայողները 348 մարդասիրական ակցիա են իրականացրել, բաժանել ավելի քան 650 տոննա պարենամթերք և առաջին անհրաժեշտության իրեր։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: