ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. RT DE նոր հեռուստաալիքը հանվել է Եվրոպայի հեռարձակման ցանցից։ Տեղեկությունը հայտնում է հեռուստաալիքի մամուլի ծառայությունը:
«Այսօր գերմանական MABB մեդիակարգավորիչը Eutelsat 9В արբանյակային կապի եվրոպական օպերատորին ստիպել է իր հարթակից հանել մեր նոր գերմանալեզու RT DE հեռուստաալիքը, որը հեռարձակվում է Մոսկվայի ստուդիաներից», — ասված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ գերմանական մեդիակարգավորիչի գործողությունները ոչ իրավաչափ են և խախտում են Անդրսահմանային հեռուստատեսության մասին Եվրոպական կոնվենցիան (ECTT)։
«Կարգավորիչն իր անհիմն ու իրականությանը հակասող հայտարարությունների հիման վրա ստիպել է, որ Eutelsat 9В-ն RT DE-ն հանի իր հեռարձակման ցանցից: Մենք գերմանական կարգավորիչի գործողություններն անօրինական ենք համարում և համոզված ենք, որ այդ որոշումը կվերանայվի դատական կարգով», - գրում է RT-ն։
RT DE–ի հաղորդումները կարելի է դիտել կայքում , Smart TV-ի, ինչպես նաև RT News բջջային հավելվածի միջոցով։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Գերմանիան ամեն ինչ անում է, որպեսզի RT-ի արբանյակային հեռարձակումն անհնար լինի ԳԴՀ-ում։