ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, թե Հայաստանում քանի մարդ է բուստերային պատվաստում ստացել։
«Դեկտեմբերի 20-ի դրությամբ իրականացվել է 271 խթանիչ պատվաստում», – Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ասել են ԱՆ–ից։
Թե որ պատվաստանյութից ինչքան են պատվաստվել, նախարարությունից չեն հայտնել, ասելով, որ «պատվաստումների մասին տեղեկատվությունը գտնվում է մշակման փուլում»։
Գերատեսչությունից պարզաբանել են, որ այն քաղաքացիները, որոնք ստացել են պատվաստանյութի առաջին կամ երկրորդ դեղաչափը, կարող են մեկ այլ պատվաստանյութով պատվաստվել վերջին պատվաստումից 4 շաբաթ անց` հարցում և գրավոր համաձայնություն ներկայացնելու դեպքում։
Դեկտեմբերի 16-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրապարակել էր COVID-19-ի դեմ բուստերային դեղաչափ ստանալու կարգը։
Նշենք, որ Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ից սեպտեմբերի 11-ը արտակարգ դրության ռեժիմ էր գործում։ Այնուհետև երկրում կարանտին սահմանեցին մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը։ Կառավարության որոշմամբ այն երկարաձգվեց մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը, հաջորդ որոշմամբ էլ` մինչև 2022 թվականի հունիսի 20-ը։ Հանրապետությունում դիմակ դնելը պարտադիր է փակ տարածքներում։