ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան քիչ առաջ ժամանեց Հայաստան։
Հիշեցնենք, որ Փարիզում դեկտեմբերի 19–ին կայացած «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենան գրավեց առաջին տեղը։ Նա վերադառնում է հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական գավաթն ու «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթը Հայաստանում անցկացնելու ուղեգիրը:
Չնայած ուշ ժամին՝ «Զվարթնոց» օդանավակայանում երգչուհուն դիմավորելու էին եկել նրա հարազատներն ու երկրպագուները։ Նրանք դհոլ - զուռնայով, բարձր ծափահարություններով, փուչիկներով, ծաղիկներով և «Հայաստան» վանկարկումներով դիմավորեցին Մալենային։
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան քիչ առաջ ժամանեց Հայաստան։
© Sputnik / Aram Nersesyan
«Չէի սպասում, որ այսքան մարդ կգա, շատ շնորհակալ եմ նման վերաբերմունքի և քվեարկելու համար»,-լրագրողներին ասաց Մալենան։
Պատասխանելով մրցույթի մասին հարցին՝ երգչուհին ասաց, որ սկզբում շատ էր հուզվում, որովհետև առաջին անգամ է նման մեծ բեմում հայտնվել։ «Բայց մի քանի փորձից հետո հուզմունքս անցավ, և մրցույթի օրը վայելեցի այն»,-ասաց Մալենան՝ հավելելով, որ ուզում է միշտ բարձր պահել Հայաստանի անունը։
Անդրադառնալով Ադրբեջանի մասնակցի՝ Մալենային ուղղված շնորհավորանքին՝ Հայաստանի ներկայացուցիչն ասաց՝ երբ հաղթել է, Ադրբեջանի մասնակիցը եկել ու շնորհավորել է նրան։ «Ես նրա նկատմամբ թշնամանք չունեմ, որովհետև ինքն իմ պես աղջնակ է»,-ասաց Մալենան։
Մրցույթի մասնակիցներից Մալենան շատ հավանել է Ֆրանսիայի Մակեդոնիայի, Լեհաստանի և Վրաստանի ներկայացուցիչներին և նրանց կատարումները։
Նշենք, որ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը զբաղեցրեց 3–րդ հորիզոնականը, իսկ հեռուստադիտողի քվեարկությամբ 224-ով միավորով բարձրացավ առաջին հորիզոնականը։
Երկրորդ հորիզոնականը 218 միավորով զբաղեցրեց Լեհաստանը, իսկ Ֆրանսիան 187 միավորով զբաղեցրեց 3–րդ տեղը։
Մրցույթին մասնակցում էին 19 երկրների ներկայացուցիչներ։ Մալենայի «Քամի, քամի» երգը մրցույթի պաշտոնական Youtube-յան ալիքում հավաքել է ավելի քան 4,5 միլիոն դիտում և բացարձակ առաջատար է։