Պապիկյանն ընդունել է Զասին. հայտնի է` ինչ հարցեր են քննարկվել

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին
Սուրեն Պապիկյանն ու Ստանիսլավ Զասը հաստատել են, որ գալիք տարում պլանավորված միջոցառումներն իրականացվելու են առավել արդյունավետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Հայկական կողմի առաջնահերթություններից են ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացումն ու կատարելագործումը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները: Աշխատանքային այցով ՀՀ ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին ընդունելության ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ հանդիպման ընթացքում Զասը շնորհավորել է Պապիկյանին պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

«Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ընթացքում կազմակերպության գործունեության գերակա ուղղությունները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կողմերն ընդգծել են 2022 թվականի կարևորությունը Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հոբելյանական 30-ամյակի և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 20-ամյակի առումով։ Նրանք հաստատել են, որ գալիք տարում պլանավորված միջոցառումներն իրականացվելու են առավել արդյունավետ՝ ի նպաստ ՀԱՊԿ անդամ երկրների փոխգործակցության բարձրացման և կազմակերպության միջազգային դերակատարության ընդլայնման:
ՀԱՊԿ–ը մտահոգված է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով. Զաս
Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նույնպես հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։
Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը` ընդգծելով, որ այն Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող մարտահրավեր է: